Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը
28.10.2014 | 17:49

Հոկտեմբերի 28-ին հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ նվիրված հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Երևանում անցկացվելիք Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին։ Բանախոսներն էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, հայտնի ջութակահար Բորիս Լիվշիցը (Շվեյցարիա) և Կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը։
Պարոն Սաթյանը տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում կհնչեն 2000 թվականից հետո գրված հայ կոմպոզիտորների աշխատանքներ` սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։ «Յուրահատուկ այս նախագիծը համախմբել է հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվներին, ինչպես նաև մենակատարների Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից, Շվեյցարիայից։ Արդեն մի շարք հրատարակություններից նամակներ ունենք, որ նրանք ցանկանում են հրատարակել և հնչեցնել հայ կոմպոզիտորների երաժշտությունը»,- նշեց Արամ Սաթյանը՝ ավելացնելով, որ փառատոնի հիմնական նպատակն է նաև աշխարհում հայկական երաժշտությունը ներկայացնելը:
Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ երիտասարդական նվագախմբի համար մեծ պատասխանատվություն է մասնակցել տոնական այդ շքերթին, ունեն հետաքրքիր ծրագիր: «Այս, ինչպես նաև մյուս բոլոր փառատոներում, որոնք առաքելություն ունեն քարոզել դասական արվեստը, մշակույթը, պետք է բոլորը միասին աշխատեն»,- նշեց Սերգեյ Սմբատյանը: Նա նաև տեղեկացրեց, որ արդեն երկու տարի նվագախումբը պետական կոնսերվատորիայի հետ համագործակցաբար ներկայացնում է կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտների դիպլոմային աշխատանքները։ Ընդ որում, այդ գործերը բավականին արժեքավոր են ու ուշադրության արժանի։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը փառատոնը յուրահատուկ քննություն համարեց երիտասարդ կոմպոզիտորների համար: Նա նշեց, որ երիտասարդ կոմպոզիտորները շատ ուշադիր են համաշխարհային երաժշտական գործընթացներին, կատարողական խնդիրը բոլորովին այլ մակարդակի վրա է դրված: Ըստ նրա, հայ երիտասարդ կոմպոզիտորների մի մասը սովորում է Հայաստանում, մի մասը՝ արտասահմանում, արդյունքում ստացվում է հետաքրքիր, բազմազան երաժշտական հետաքրքրությունների շրջանակ: «Ավանգարդի և նորարարության հարցերը շատ հետաքրքիր լուծումներ են ստանում երիտասարդ կոմպոզիտորների գործերում»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Ջութակահար Բորիս Լիվշիցը, ով փառատոնի շրջանակներում հանդես է գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` կատարելով Միխայիլ Կոկժաևի Կրկնակի կոնցերտը ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար, նշեց. «Շատ ուրախ եմ, որ կատարելու եմ հենց այս ստեղծագործությունը. այն շատ գեղեցիկ է, իր մեջ պարունակում է աշխարհի պատմությունը», - նշեց ջութակահարը: Լիվշիցը տեղեկացրեց, որ այս տարի այցելել է նաև Լեռնային Ղարաբաղը. «Հետաքրքիր է, որ 59-րդ պետությունը, որտեղ եղա, Արցախն է»։ Լրագրողի հարցին, թե չի վախենում արդյոք հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում, ասաց. «Ո´չ, չեմ վախենում, քանի որ իմ անունն արդեն այդ ցուցակում կա: Դա ինձ բացարձակ չի հուզում: Ես որոշ ժամանակ ապրել եմ նաև Իսրայելում և հասկանում եմ, որ երաժշտությունը հասանելի պետք է լինի անխտիր բոլորին: Կարևոր է երաժշտությունը հասցնել մարդկանց։Ես դա իմ առաքելությունն եմ համարում»:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ